«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:- Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։               
 

«Պեռաշկի»ապատում»

«Պեռաշկի»ապատում»
28.05.2026 | 17:56

(խեղճության լեգիտիմացումն ու «կռվարշավի» լպիրշությունը)

2026 թվական, մայիսի 27։

Կոտայք։

ՈՒնկեր ունեցողների լսելիքը սղոցում է հիստերիկ ղժղժոցը, ինչը տեղ-տեղ արժանանում է կամավոր-պարտադիր սկզբունքով «ներկա ստացածների» ծույլ ծափահարություններին։

«Նայեք, արա, հլը նայեք, արա, պեռաշկի ա ուտում։ Հիվանդնե՜ր։

Բա դուք սովոր եք...

Ես պեռաշկի ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ։

Այո, ես ուտում եմ, որովհետև էրեխեքն էլ են ուտում։ Եվ ասում եմ՝ էս ընտրություններում պեռաշկի ուտողները պետք ա ընտրեն պեռաշկի ուտողներին։ Կարտոֆիլ ուտողները պետք ա ընտրեն կարտոֆիլ ուտողներին։

Եվ էս ընտրություններով և հեղափոխությունից հետո էսօր...

Ձեր ժամանակ թոշակառուն նույնիսկ պեռաշկի և կառտոշկա ուտելու հնարավորություն չուներ, որովհետև 2018 թվին նվազագույն թոշակով նույնիսկ պեռաշկի և կառտոշկա մի ամսվա համար մի թոշակառուն չէր կարա առնի։ Դուք թոշակառուից գողանում էիք, որ սև իկռայով զխտկվեք...

Զխտկվեք։

Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև իկռայի մեջ։

Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև իկռայի մեջ։

Կալուգացի՛, դու և քո հանցավոր խումբը, Մեղրին տվող Քոչարյանը պետք է նստեն բանտում, որովհետև շպիոն եք»։

Սույն ձևակերպումը հանրային մանիպուլյացիայի և պոպուլիզմի դասագրքային, բայց միևնույն ժամանակ չափազանց ագրեսիվ ու վտանգավոր օրինակ է։ Այն դուրս է գալիս սովորական քաղաքական հռետորաբանության սահմաններից՝ բացահայտելով մի քանի կործանարար շերտեր։

ա) Հասարակության նպատակաուղղված նվաստացում։ Քաղաքացուն «պեռաշկի» կամ «կարտոֆիլ» ուտող պիտակավորելը և ընտրությունը զուտ ստամոքսի մակարդակի վրա դնելը սեփական ժողովրդի ինտելեկտուալ նվաստացումն է։ Սրանով փորձ է արվում հանրային գիտակցությունից ջնջել պետական մտածողությունը, զարգացման հեռանկարն ու արժեքները՝ դրանք փոխարինելով նախնադարյան կենցաղային բնազդներով։

բ) Բռնության օրինականացում։

«Խեղդելու ենք սև իկռայի մեջ» ձևակերպումը ոչ թե իրավական պետության ղեկավարի խոսք է, այլ հանրային հաշվեհարդարի բացահայտ կոչ։

Ամբիոնից հնչող նման ագրեսիան կանաչ լույս է վառում հասարակության մեջ կուտակված չարության համար՝ ընդդիմախոսներին զրկելով մարդկային դեմքից և նրանց դեմ բռնությունը դարձնելով ընդունելի։

գ) «Ներքին թշնամու» կերպարի կերտում։

Առանց դատ ու դատաստանի, քաղաքական հարթակից հնչող «լրտես» (շպիոն) որակումները միտված են հանրության շրջանում մշտական վախեր հրահրելուն։ Սա հարմար գործիք է՝ սեփական ձախողումների ողջ պատասխանատվությունը մշտապես մեկ այլ «մեղավորի» կամ «ներքին դավադրության» վրա բարդելու համար։

դ) Թվերի մանիպուլյացիա և կեղծ համեմատություններ անցյալի հետ

«...2018 թվին նվազագույն թոշակով նույնիսկ պեռաշկի և կառտոշկա մի ամսվա համար մի թոշակառուն չէր կարա առնի»։

Այս պնդումը ոչ միայն տնտեսագիտական աբսուրդ է, այլև բացահայտ, պրիմիտիվ կեղծիք՝ հաշվարկված բացառապես անիրազեկ զանգվածների համար։ Սրանով հուսահատ փորձ է արվում 2026 թվականի հսկայական գնաճը, կյանքի աննախադեպ թանկացումն ու սպառողական զամբյուղի սոցիալական ծանր վիճակը քողարկել անցյալի հնամաշ ու անհեթեթ կլիշեներով։

Սա կոլեկտիվ հիշողության դեմ արվող կոպիտ արշավ է. մարդկանց ստիպում են մոռանալ դրամի գնողունակության իրական անկումը և այն փաստը, որ այսօր նույնիսկ կրկնապատկված թոշակով հնարավոր չէ գնել այն, ինչ հնարավոր էր ութ տարի առաջ։

Ավելին՝ երբ երկրի օրակարգը պետականության պահպանումն է, բյուջեի արդյունավետ կառավարումն ու ազգային անվտանգությունը, քաղաքական խոսքի նշաձողը միտումնավոր հավասարեցվում է մեկ ամսվա «կառտոշկայի» հաշվարկին։

Ռազմավարական մտածողության լիակատար բացակայությունը փոխարինվում է ստամոքսային քաղաքագիտությամբ։

2026 թվականի ընտրարշավի համատեքստում այս զառանցանքը լավագույնս է ապացուցում, որ իշխող ուժի հռետորաբանությունը ոչ միայն չի զարգացել, այլև վերջնականապես տեղափոխվել է փողոցային ժարգոնի ու բացահայտ հոգեբանական տեռորի մակարդակ։ Դա փաստում է այն մասին, որ քաղաքական օրակարգերի իսպառ բացակայությունը փորձ է արվում փոխհատուցել հանրային դաշտը թունավորող նորանոր սպառնալիքներով։

Ամբիոնից «արա»-ներով, «զխտկվել»-ներով ու «խեղդելու ենք» ձևակերպումներով խոսելը մակարդակի գիտակցված իջեցում է։

Պարոն Ղժղժի նպատակն է ոչնչացնել ցանկացած քաղաքական բովանդակություն, թվեր ու ծրագրեր, խոսքը տեղափոխել զուտ կենցաղային, թաղային «ռազբորկայի» հարթություն, որտեղ փաստարկները դադարում են աշխատել, և մնում է միայն էմոցիոնալ աղմուկը։

Հանրությանը զարգացման և աղքատության հաղթահարման ծրագիր ներկայացնելու փոխարեն, իշխանությունը փորձում է սրբացնել ու լեգիտիմացնել խեղճությունը։

Ստեղծվում է արհեստական սոցիալական պատնեշ՝ «մենք՝ պեռաշկի ուտողներս» ընդդեմ «նրանց՝ սև իկռա ուտողների»։

Ընտրողին ներշնչվում է, որ նրա առավելությունը «պեռաշկի և կարտոֆիլ ուտելն է»։

«Կարտոֆիլ ուտողների» գռեհիկ կառուցված կլիշեն ակամա ստիպում է մտաբերել հանրահայտ «Կարտոֆիլ ուտողները» (1885) ստեղծագործությունը։

Վինսենթ Վան Գոգն այս կտավում պատկերել է հասարակ գյուղացիների, ովքեր լամպի աղոտ լույսի տակ ուտում են սեփական ձեռքերով մշակած կարտոֆիլը։

Նկարիչը նրանց նկատմամբ տածում էր խորագույն հարգանք, կարեկցանք և ակնածանք՝ ցույց տալով ազնիվ աղքատությունն ու ծանր աշխատանքով վաստակած հացը։ Վան Գոգի համար նրանց կոշտացած ձեռքերն ու հոգնած դեմքերը սրբության պես մի բան էին։

Իսկ ի՞նչ է անում մերօրյա «շրջիկ կրկեսի» գլխավոր ռեժիսորն ու սցենարիստը․ «կարտոֆիլ ուտողներին» օգտագործում է ոչ թե նրանց հանդեպ հարգանքից դրդված, այլ նրանց աղքատությունն ու դժբախտությունը որպես քաղաքական կապիտալ գեներացնելու միջոց։

«Կարտոֆիլ ուտողները պետք ա ընտրեն կարտոֆիլ ուտողներին» ցնդաբանությունը Վան Գոգի փիլիսոփայության հակապատկերն է։

Քարոզարշավային պիկապ-ամբիոնից արտաբերված շիզոֆրենիան ազնիվ աշխատանքի փառաբանում չէ, այլ մարդկանց կարիքի վրա խաղալու, նրանց նվաստացնելու և այդ նվաստացումը որպես ընտրական ձայն կորզելու գործիք դարձնելու ցինիկ մեթոդ է։

Բայց ամենաամոթալին այս ամենում բարոյական երկակի ստանդարտներն են։ Երբ բեմից «սև իկռայի» մասին սպառնալիքներ են հնչում, հանրային հիշողությունն ակամա հետադարձ հայացք է նետում մեր պատմության վերջին ութ տարիների ամենաողբերգական էջերին։

Ինչու՞ է «մոռացվում», որ Արցախի տոտալ շրջափակման ու սովի օրերին, երբ մեր 120 000 հայրենակիցներ հացի կիլոմետրանոց հերթերում էին, երբ մանուկները քաղցից չէին կարողանում քնել, իսկ հղի կանայք թերսնուցումից պտուղ էին կորցնում, Երևանում «իշխանական էլիտան» վայելում էր լպիրշության սահմանագիծը հատած շքեղությունը։

Հենց այդ ծանր ու դաժան օրերին, համազգային աղետի ֆոնին, հանրությանը պարբերաբար հրամցվում էին կառավարական առանձնատների կամ թանկարժեք ռեստորանների ցինիկ տեսանյութերը՝ էկզոտիկ ուտեստների ցուցադրություններով ու «գաստրոնոմիական մաստեր-կլասներով»։

Այս ամենը պարզապես անհարգալից վերաբերմունք չէր սեփական ժողովրդի ցավի նկատմամբ, այլ բարոյական կուրության և արժեքային լիակատար դեգրադացիայի ապացույց։

Եվ այսօր, նույն այդ շքեղության ու կենցաղային անհոգության կրողները, ամբիոնից կրկին փորձում են խաղալ մարդկանց սոցիալական կարիքների վրա՝ խոսելով «պեռաշկիից» ու «սև իկռայից»։

Զարմանալիորեն, սակայն, սրանք «մոռանում» են նշել, որ իրենց այդ վայելքները, տասնյակ միլիոնանոց պարգևավճարներն ու ամենօրյա հարմարավետությունը ֆինանսավորվում են հենց այն «պեռաշկի ուտող» քաղաքացիների գրպանից, ում անունից խոսում են քարոզարշավային ամբիոններից։

Ի դեպ, սա հոգեբանական հնագույն տեխնոլոգիա է. սեփական մեղքերը, կոմպլեքսներն ու բարոյական սնանկությունը բարձրախոսով վերագրել ուրիշներին, որպեսզի ամբոխի ուշադրությունը շեղվի իրականությունից։

Այս զառանցանքի ողջ փուչիկը մի քանի տողով ամբողջությամբ հողին է հավասարեցրել գրող Լևոն Ջավախյանը՝ հարցը հասցնելով կատարյալ սարկազմի ու աբսուրդի.

«Պերաշկի ուտողը պիտի պերաշկի ուտողին ընտրի, կուկուռուզ ուտողը պիտի կուկուռուզ ուտողին ընտրի, դավաճանն էլ պիտի դավաճանին ընտրի... (Ընտրարշավին նիկոլի ասած և չասած, բայցևայնպես, համոզիչ փաստարկներից)»։

Վերջին տողը շանթահարող է։ Դրանով պատռվում է քարոզչական կեղծիքը և պարզ դառնում, թե իրականում ինչպիսի «արժեքների» ու տեսակի շուրջ է այսօր փորձ արվում հավաքել ընտրողներին։

Դա արդեն «պեռաշկիի» կամ «կուկուռուզի» հարց չէ. դա սեփական արածին ու երկրին բերած աղետին համախոհ և մեղսակից գտնելու հուսահատ փորձ է։

Կատարվողը «կռվարշավ» է՝ սեփական քաղաքական կաշին փրկելու համար։

Հետևաբար, 2026 թվականի այս ընտրությունը սոսկ քաղաքական ուժերի հերթական մրցակցություն չէ, այլ բարոյական ջրբաժան։ Քաղաքացուց այսօր պահանջվում է ընդամենը մեկ բան՝ թույլ չտալ, որ իրեն իջեցնեն «պեռաշկի» կամ «կարտոֆիլ ուտողի» անդեմ ու անպատասխանատու մակարդակին։

Եկել է պոպուլիզմի էմոցիոնալ աղմուկը լռեցնելու և կեղծիքին բանականությամբ հակադրվելու ժամանակը, քանզի ճակատագրի նժարին է դրված ոչ թե նախընտրելի կերակուրը՝ «պեռաշկի՞», թե՞ «սև իկրա» կամ գառան խաշլամա, այլ Հայրենիքի լինել-չլինելը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ